Starnews.am-ը գրում է․
Օրերս ԱՄՆ-ում` Dolby թատրոնում, կայացավ «Armenian Music Video Awards»-ը, որն օրեր շարունակ քննարկվում է համացանցում: Մրցանակաբաշխությունն աչքի էր ընկնում իր շքեղությամբ, որի ժամանակ ելույթ են ունեցել ու մրցանակների արժանացել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում օվկիանոսից այս ու այն կողմ: Համացանցի օգտատերերից շատերը, սակայն, զարմանում էին, երբ շքեղ երեկոյին բացակայում էին մի շարք արտիստներ, ովքեր բեմ են բարձրանում ոչ միայն երգելու, այլ նաև մի քանի րոպե հանդիսատեսին հնարավորություն տալիս վայելելու իրենց մատուցած շոուն:
Ժամեր առաջ Արա Ղազարյանը, ով համերգի կազմակերպիչներից է, անդրադարձավ թեմային ու փորձեց մանրակրկիտ նշել, թե որ հայտնին ինչու չի մասնակցել իրենց կազմակերպած մրցանակաբաշխությանը: Արան խոսեց երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին`նշելով, որ երգչուհուն իրենք հրավիրել են, մեծ ցանկություն կլիներ, որ նա ևս մասնակցեր, սակայն համաձայնության չեն եկել երկու կողմերը:
«Լիլիթ Հովհաննիսյանին, նրա ամուսնուն, շատ սիրում ու գնահատում եմ, սակայն մենք որևէ մեկին չէինք վճարել, որպեսզի գա և մասնակցի մեր մրցանակաբաշխությանը, և աշխարհում նման պրակտիկա չկա. Ակադեմիան չի վճարում Լիոնարդո դի Կապրիոյին, որ գնա մասնակցի Օսկարին կամ չեն վճարում Փինկին, որ գնա Գրեմիին մասնակցի: Նրանք պահանջել են մեզնից գումար, մենք ասել ենք` շնորհակալություն, ցտեսություն: Սա մրցանակաբաշխություն է, որն առանձին արտիստի մասին չի»,- նշել էր Արա Ղազարյանը:
StarNews-ին հասած տեղեկությունների համաձայն` Վահրամ Պետրոսյանն իր նեղ շրջանակներում ասել է, որ կա նման բան: Իրենք առաջարկել են ռայդեր (փաստաթուղթ, որը երգչուհին ուղարկում է պատվիրատուին` կապված իր ելույթի և ներկայանալու պահանջների հետ), որտեղ կա նաև ֆինանսական կետ, իսկ նշված գումարը ելույթի պատրաստման համար է:
Իրենք իրենց սեփական նախաձեռնությունների մեջ ևս տասնյակ հազարավոր դոլարներ են ներդնում, որպեսզի երգչուհին իր հանդիսատեսին ներկայանա հնարավորության սահմանում հետաքրքիր, նորովի ու չկրկնվող համարներով, որոնց մեջ ներառվում են պարային խմբեր, պարողների հագուստներ, րեկվիզիտներ, դեկոր, հատուկ էֆեկտներ և այլն:
Երգչուհու ամուսինն ասել է, որ իրենց ներկայացրած պահանջը մրցանակաբաշխությունների դեպքում, միգուցե, անիրատեսական է, բայց քանի որ Լիլիթը լրջորեն է մոտենում իր յուրաքանչյուր ելույթին, հարգանքով և մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր հանդիսատեսին,ապա բեմ բարձրանալուց պետք է բարձրանա բացառապես որակով շոու ներկայացնելու դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: