Դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում

«Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ միանվագ դրամական աջակցություն» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝
  • վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 15% չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8% չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,
  • վարկի մնացորդային մայր գումարի 70% չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35% չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին,
  • միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

  • երեխան ծնվել է 2020թ․ հուլիսի 1-ին կամ դրանից հետո և անհրաժեշտ տեղեկությունները ներկայացվում են մինչև երեխայի 1 տարին լրանալը,
  • ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

Եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա շահառուին տեղեկանք չի տրամադրվում և նա նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը՝ էլեկտրոնային եղանակով։

Եթե տվյալ կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, շահառուին տրամադրում է տեղեկանք, որը նա այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Եթե ֆինանսական կազմակերպությունը պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, հանրային ծառայությունների համարանիշը։

Եթե կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, ՀԾՀ, ֆինանսական կազմակերպության տեղեկանք, վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք, անշարժ գույքի սեփականության վկայական։

Իրավաբան.net
920 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն