Վարորդական իրավունք ստանալը ՀՀ քաղաքացու համար տևական ժամանակ դարձել է գլխացավանք։ Եթե այլ երկրներում բավարար է լավ վարել իմանալը և տեսական ու գործնական քննությունները հաջող հանձնելը, ապա Հայաստանում գործընթացը լի է արհեստական բարդություններով։
Բոլորը գիտեն՝ եթե անգամ տեսականը առաջին փորձից հանձնես, ապա գործնականը գրեթե անհնար է, որ առաջին իսկ անգամից անցնես։ MediaHub-ը հաճախ է ահազանգեր ստանում այն մասին, որ վարորդական քննությունները պատշաճ չեն իրականացվում։ Թեև օրենքով թույլատրվում է գործնական քննության ընթացքում սխալ կատարել, ՆԳՆ աշխատակիցները հաճախ կտրում են թեկնածուներին անգամ մեկ աննշան վրիպման դեպքում։
MediaHub-ին դիմել են ահազանգած քաղաքացիներ, որ մեկ սխալի դեպքում կտրում են քննությունից, նշելով, որ դա օրենսդրական սխալ է։
«Մեկ սխալ կատարեցի, միանգամից կտրեցին, նշեցին, որ օրենսդրական սխալ է, սակայն, ես արդյո՞ք մեկ սխալի հնարավորություն չունեմ, կարծում եմ, որ օրենքով մեկ սխալի հնարավորություն ունեմ»,- նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։
MediaHub-ը փորձեց պարզել, թե ո՞ր դեպքում է սխալը համարվում օրենսդրական, արդյո՞ք այդ դեպքում հաշվի չի առնվում մեկ սխալի հնարավորությունը։
«Համաձայն գործող օրենսդրության, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝Որոշում) Հավելվածի N 1-ի 37-րդ կետի՝ ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը հանձնելու համար «AM» ենթակարգի դեպքում տրվում է 15, իսկ «A» կարգի և «A1» և «B1» ենթակարգերի համար 25 րոպե ժամանակ և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «BE», «CE», «DE» կարգերի և «C1», «D1»,«C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակ։ Իսկ նույն հավելվածի 38-րդ կետի՝ ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնող անձը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական:
Որոշման նույն հավելվածի 50-րդ կետի՝ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ «B» և «BE» կարգերի համար, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ՝«C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհի անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը։ Իսկ նույն հավելվածի 51-րդ կետի՝ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույնկարգի 50-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնողը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական»,- նշեցին ՆԳՆ-ից։
Եթե կարճ նշենք, ապա այո՛, օրենսդրական սխալի դեպքում քաղաքացին կտրվում է քննությունից։ Հիշեցնենք, որ մեզ ՆԳՆ-ից նշել էին, որ եթե քաղաքացին վստահ է, որ նա բոլոր վարժությունները ճիշտ է կատարել, և անհիմն բացասական են դրել, ապա կարող է բողոքարկել։
https://www.facebook.com/share/1bEc7Qsi5M/