Նոր Արեշում փրկարարները փլատակներից դուրս բերեցին մեկ երիտասարդի. Նա ողջ է. եւս մեկ կին փլատակներում է եւ ողջ է

Քիչ առաջ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունի վայրից փրկարարները փլատակներից դուրս բերեցի մի քաղաքացու եւ պատգարակով մոտեցրին շտապօգնության մեքենային:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով, քաղաքացին բարեբախտաբար ողջ է: Խոսքը երիտասարդ տղայի մասին է, հարեւանները պատմում են, որ նա մենակ է եղել տան, երբ պայթյունը որոտացել է:

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երիտասարդ տղամարդու են դուրս բերել, ով ողջ է. «Հաստատ մի կին կա եւս փլատակներում, այս պահին այդ կնոջն են փորձում դուրս բերել: Ողջ է, այս պահին ձայներ լսվում են: Նույնիսկ բուժօգնություն են ցույց տալիս: Կիսով չափ փլակատներում է: Զուգահեռ միջոցառումներ են իրականացվում՝ հասկանալու համար՝ էլի կա՞ն տուժած անձինք փլատակներում, թե   ոչ: Նախնական, երկու տուն է փլուզվել, հարակից տները վնասվել են:

Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, քննություն պետք է տեղի ունենա»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

351 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն