Մ․Հ․-ն հանդիսանալով Արտաշատ համայնքի դպրոցներից մեկի ուսուցչուհի՝ 2024 թվականի հունվարի 26-ին, 3-րդ դասաժամին դասավանդել է նույն դպրոցի 8-րդ դասարանում սովորող անչափահաս Ա․ Բ․-ին, որի ընթացքում վերջինս առողջական խնդիրներից ելնելով փոքր-ինչ ազատ է նստել։ Ուսուցչուհին նկատողություն է արել։ Այնուհետև Ա․Բ․-ն նույն դասաժամին՝ ժամը 12:00-ի սահմաններում, փորձել է կոշիկի շղթան ուղղել, մոտեցել է Մ․Հ․-ն և դասագրքով 2 անգամ հարվածել է անչափահասի գլխին, ապա բռնել է աշակերտի հագուստից, քաշել ու գցել է գետնին, որից հետո նաև հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին։
Մ․Հ․-ին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ։
Մ․Հ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։
Գործն անավարտ է, գտնվում է քննության փուլում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: