Հայաստանը կգրավի մեր հողերը՝ ընդհուպ մինչեւ Կուր գետ. անսպասելի քննարկումներ Բաքվում

Ադրբեջանական հանրային գիտակցությունում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում պաշտոնական քարոզչության ներկայացրած պատկերին: Պաշտոնական տեղեկատվական տիրույթում բոլորն անխտիր հավատում են Իլհամ Ալիեւին ու նրա հոր հուշարձանների ուժին, իսկ մեդիա տարածության մյուս մասում հետաքրքիր քննարկումներ են, որոնցից տեսանելի է, որ Ալիեւի խոսքերին քչերն են հավատում, իսկ մտածող հանրությանը պատում են անլիարժեքության ծանր բարդույթները:

Strateq.az-ին տված հարցազրույցում պատգամավոր, «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանղուլիեւը, պատասխանելով հարցին, որ մարդիկ երբեմն վիրավորում են նախագահին ու գեներալներին, մեղադրում, որ չեն խանգարել Փաշինյանի Շուշի այցին, բացել է մերձկասպյան թուրքերի գլխավոր բարդույթը:

«Բոլորը հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան պատերազմում ծանր պարտությունից եւ հրադադարի նվաստացուցիչ համաձայնագրից հետո տարածաշրջանում շատ բան չի փոխվել: Ինչպես այն ժամանակ էինք մենակ, այնպես էլ հիմա ենք մենակ: Մեր երկրի վիճակը, որի տարածքներն օկուպացվել են, ավելի ծանր էր, քան Ուկրաինայում, Մոլդովայում եւ հարեւան Վրաստանում: Բայց Արեւմուտքն աջակցում է խնդրի լուծմանը, որոնց բախվել են այդ երկրները, տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ Ադրբեջանի դեպքում չի անում», ասել է պատգամավորը:

Հանրության մտածող մասը չի թաքցնում, որ աշխարհը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ եթե պատերազմ սկսեն, ամբողջ աշխարհը դեմ հանդես կգա, իսկ հայերն ավելի շատ տարածքներ կվերցնեն:

«Շատերն Ադրբեջանում մտածում են, որ երբ պատերազմ սկսվի, Հայաստանն իր դաշնակիցների օգնությամբ կգրավի մեր հողերը՝ ընդհուպ մինչեւ Կուր գետ, իսկ նրանք կօգտվեն դրանից իշխանությունը փոխելու համար: Բայց արեւմտյան զարգացած քրիստոնեական երկրները պատժամիջոցներ են ընդունում Ադրբեջանի դեմ եւ օգնում Հայաստանին: Եվ ոչ միայն նրանք, որոշ երկդիմի մուսուլմանական պետություններ նույնպես… եթե այս անգամ էլ պարտվենք, մեզ կստիպեն կապիտուլացվել: Այդ ժամանակ, իհարկե, Հայաստանի մայրաքաղաքը կդառնա Շուշին», – ասել է պատգամավորը:

Մանրամասները` Lragir.am-ում

1 053 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն