Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ծաղկահովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Ապարան», 2-ը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Մահացածի մարմինը փրկարարներն այնուհետև մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: