Շտապ` Բանկային քարտերով վճարումներ կատարողները պետք է իմանան

Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության մի շարք կանոնների։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.amից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Վճարային քարտն օգտագործելիս․

Պարբերաբար ստուգե՛ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին:

Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը հեռվում է, չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցե՛ք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:

Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ բացի ձեզնից:

Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք բանկին, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում պետք է քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է:

Քարտով վճարումներ կատարելիս նախապես ճշտեք, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:

Վճարային քարտերով գնումներ կատարելու վերաբերյալ

POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու:

Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard:

Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

Քարտով վճարում կատարելիս միշտ պահե՛ք քարտը Ձեր տեսադաշտում:

Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի:

Ստուգե՛ք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը:

Պահպանե՛ք անդորրագիրը, համեմատե՛ք քարտի ամսական քաղվածքի հետ (մանրամասները՝ Քաղվածք բաժնում):

Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

POS տերմինալի  միջոցով կարող եք գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես ինքներդ քարտը POS տերմինալին մոտեցնելով:

Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:

Այս պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի ձեր քարտից առանց ձեր իմացության չկատարվեն գործարքներ: Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Իրավաբան.net
1 729 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն