Արթուր Վանեցյանը շտապ պարզաբանում է տարածել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ոչ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ոչ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը:

Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել:

Իսկ իմ անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում: Հորդորում եմ այդ փաստին վերաբերվել հումորով:

Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Քրեական վարույթով պարզվել է, որ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Կարեն Վանեցյանի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:

Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Միքայել Մինասյանին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Միքայել Մինասյանին փաստացի պատկանող ընկերությանը:

Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:

Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Իրավաբան.net
1 120 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն