Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։

Միաժամանակ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնում, որ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ հնարավորինս արագ կվերացվեն պատահարի հետևանքները, կկարգավորվի բոլոր այն բնակիչների կեցության խնդիրը, որոնց բնակարանները մասամբ վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են պայթյունից։