Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղից երևում է, թե ինչպես է թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո օր ու գիշեր ինժեներական աշխատանքներ կատարում, որպեսզի ավելի բարենպաստ դիրքից իրականացնի հերթական հարձակումը հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը, ադրբեջանցիները ոչ միայն նոր դիրքեր են ավելացրել, այլև՝ դիրքերում անձնակազմերի թվաքանակն են մեծացրել։

«Առաջ են եկել այն հատվածում, որը 2021թ. մայիսից իրենց հսկողության տակ էր արդեն. նոր դիրքեր են դրել, ամրաշինական կառույցներ են սարքում»,-նշեց Նորաբակի վարչական ղեկավարը։

Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքները նորաբակցիներն ամբողջ ձմեռվա ընթացքում էլ են զգալու։ Գյուղի խոտհարքերն ամբողջությամբ վառվել են թշնամու հրետակոծության պատճառով։

«Խոտը քաղած, կապած դաշտում է մնացել։ Ոչ ոք չէր հասցրել տուն տանել։ Ամբողջը վառվել է»,-ասաց Ասատրյանը։

Ադրբեջանական հրետակոծությունից տուժել են նաև Վերին Շորժայի բնակիչները։ Վնասի չափերը դեռ չեն հստակեցրել, բայց առնվազն 8 բնակելի տուն ավերվել է, վառվել է նաև ցորենի արտերի մի մասը։

«Դեռ չեմ կարող ասել, թե որքան ցանքատարածություն է վառվել, բայց որ մի մասը վառվել է, դա փաստ է»,-ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը և հավելեց, որ ադրբեջանական հրետակոծությունից ավերված տների վերանորոգման ուղղությամբ դեռ ոչինչ չի արվել։

от Meri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *