Վերջին 2 ամսվա ընթացքում շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել..

221

Իրավաբան․net-ի խմբագրությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ-ում գործող որոշ բանկերը հրաժարվում են սպառողական վարկեր տրամադրել՝ վարկային պատմության հիման վրա։Նշենք, որ վարկային պատմության հիման վրա բանկերը և վարկային կազմակերպությունները կայացնում են հետևյալ որոշումները.Վարկ տրամադրե՞լ, թե՝ ոչ Որքա՞ն վարկ տրամադրել Ի՞նչ պայմաններով տրամադրել գումարը:Եթե ժամանակին ֆինանսական կազմակերպությունները վարկի տրամադրման որոշումը կայացնում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձը, ապա այսօր շեշտը դրվում է վարկային պատմության վրա:

Իրավաբան․net-ը փորձեց Կենտրոնական բանկից ճշտել, թե որքա՞ն է իրավաչափ բանկերի նման մոտեցումը՝ վարկառուների նկատմամբ։ԿԲ-ից հայտնում են, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ՀՀ տարածքում գործող բանկերն իրենց գործունեությունն իրականացնելիս օժտված են ինքնուրույնությամբ և Կենտրոնական բանկին արգելվում է միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը:

«Նշվածի հիման վրա հայտնում ենք, որ բանկերը վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգավորումներից և հաշվի առնելով կոնկրետ հաճախորդի կողմից վարկը վերադարձնելու հետ կապված ռիսկերըինչն արտահայտվում է ոչ միայն «լավ» կամ «վատ» վարկային պատմություն ունենալու, այլ նաև անձի վարկային պարտավորություններով ծանրաբեռվածության աստիճանը, եկամուտների չափը և այլ հանգամանքներ կամ գործոններ:

Նշվածի հիման վրա էլ ցանկանում ենք նշել, որ որևէ կազմակերպության կողմից վարկի տրամադրումը մերժելու փաստը, դեռևս չի բացառում այլ վարկատու կազմակերպությունից վարկ ստանալու հնարավորությունը»-նշվում է Կենտրոնական բանկի պատասխանում:

Բացի այդ, ԿԲ-ից հայտնում են նաև, որ նրա միջամտությունը սահմանփակվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կիրառմամբ կամ գործադրմամբ․ «Օրինակ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես վերահսկող մարմին կիրառվող միջոցառումներով (այդ թվում՝ ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտման դեպքում պատասխանտվության միջոցի կիրառմամբ) կամ որպես կարգավորող մարմին ֆինանսական կազմակերպության համար որևէ պարտադիր պահանջի սահմանելու միջոցով, որոնք մեծամասմբ ուղղված են լինում բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակին և չեն կարգավորում որևէ անձին վարկավորելու վերաբերյալ պարտադիր պահանջներ»:

Աղբյուր