ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ ճանապարհն անցնելու է ամայի տարածքով, առանց բնակավայրերի, պարզ է, որ անվտանգային առումով խնդիրներ են ծագում, բայց կարծես թե այդ վտանգները կամ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել:

30.06.2022 | 22:44 Կարդալու տևողությունը՝ 1 րոպե

«ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող տարածքներն ազատագրված հայկական տարածքներ են, որոնք անվտանգության գոտի էին մեզ համար, մասնավորապես՝ Լաչինի և Քարվաճառի շրջանները: Եթե խոսքը վերաբերում է Լաչինի վարչական շրջանին, ապա դա պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառն է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մանրազնին ուսումնասիրություններ է կատարել և՛ Լաչինի շրջանում, և՛ Քարվաճառում, որտեղ հարյուրավոր և հազարավոր հայկական հուշարձաններ են հայտնաբերվել, որոնք միանշանակ վկայում են դրանց հայկականությունը, և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Պատմաբանները, մասնագետները միանշանակ պնդում են, որ խոսքը հայկական լեռնաշխարհի մեկ կտորի մասին է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ԼՂԻՄ-ը որքան էլ մեզ համար անընդունելի էր որպես վարչատարածքային միավոր, որը նաև ազգային, պետական կարգավիճակ ուներ, այնուամենայնիվ, գոնե ազգային պետականության դրսևորում էր, որը ստեղծվել էր 1923թ.-ի հուլիսի 7-ին և մինչև 1988թ.-ը:

«Արցախը կորցրել է իր տարածքի մեծագույն մասը, և Արցախից մնացել է ընդամենը մոտավորապես 2800 քկմ տարածք, նախկին ԼՂԻՄ-ի 4.4 հազար քկմ-ի փոխարեն, որովհետև ԼՂԻՄ-ի տարածքից դուրս է մնացել Շուշին և ԼՂԻՄ-ի հարավային հատվածը. խոսքը Հադրութի շրջանի մասին է: Երբ այդ տարածքները տվեցին Ադրբեջանին, ամբողջ Արցախը հայտնվել է անկլավային վիճակում»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմաբանը, անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհին և վարչապետի այն հայտարարությանը, որ նոր ճանապարհի կառուցումից հետո նախկին ԼՂԻՄ-ից դուրս բոլոր տարածքները կանցնեն Ադրբեջանին, հայտարարեց.

«Բերձորը, Սուսին, Աղավնոն հենարաններ էին, ճանապարհն ավելի ապահով անցնելու իմաստով: Եթե այս տարածքները հանձնվում են Ադրբեջանին, և նոր ճանապարհը հայկական բնակավայրերով չի անցնելու, ապա միանգամայն հասկանալի է, որ անվտանգության տեսանկյունից այստեղ մեզ համար լուրջ խնդիրներ են առաջանալու:

Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհը սկսվելու է Գորիսի Կոռնիձոր գյուղից և անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով: Հայաստանը կորցնելու է Բերձոր քաղաքի, Աղավնոյի նկատմամբ վերահսկողությունը, Ադրբեջանը ճանապարհ է ունենալու Լաչինից դեպի Քարվաճառ: Պատկերացրեք՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ ճանապարհն անցնելու է ամայի տարածքով, առանց բնակավայրերի, պարզ է, որ անվտանգային առումով խնդիրներ են ծագում, բայց կարծես թե այդ վտանգները կամ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել:

Ադրբեջանը հիմա շահեկան վիճակում է. 3 բնակավայր, որոնցից մեկը՝ Բերձորը, ամբողջությամբ անցնում է իր վերահսկողության տակ, և հայկական կողմը էստեղ շահելու որևէ բան չունի»,- եզրափակեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

от Alvina

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *